Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

«Ծովից ծով»՝ հետընթացի մեթոդով

«Ծովից ծով»՝ հետընթացի մեթոդով
03.08.2026 | 14:48

Գլուխ 1. Հավասարակշռված դահլիճը

Տարեթիվը՝ 2045 թ․ (թեև դահլիճում բոլորը վստահ էին, որ 2026-ն է)։

Ազգային Ժողովի նորընտիր կազմն ուներ կատարյալ երկրաչափական ու աշխարհաքաղաքական հավասարակշռություն․

Դահլիճի աջ կողմը (50%)՝ ռուսական ազդեցության ագենտներ էին, որոնք յուրաքանչյուր ելույթից առաջ ակնդետ նայում էին դեպի հյուսիս-արևելք և սպասում կոնկրետ կոորդինատների։

Դահլիճի ձախ կողմը (50%)՝ թուրքական ազդեցության ագենտներ էին, որոնք ցանկացած օրենսդրական նախագիծ համաձայնեցնում էին «հարևանական բարիդրացիության» չափանիշներով։

Միակ բանը, որ միավորում էր այս երկու ճամբարներին, ապագայից ունեցած անասելի վախն էր։ Ապագայում պետք էր ռազմավարություն գրել, տնտեսություն զարգացնել ու պատասխանատվություն վերցնել։ Դրա համար էլ նրանք միասնաբար գործարկեցին «Քաղաքական հետընթացի շարժիչը»։

«Ինչո՞ւ նայել դեպի 2100 թվականը, եթե կարելի է անվերջ քննարկել, թե ով ում ծախեց 15 տարի առաջ»,- հայտարարեց նիստը վարող ավագ պատգամավորը։

Գլուխ 2. Ժամանակի տիեզերական մեքենան

Մեխանիզմը գործում էր անթերի․

Ամեն անգամ, երբ «հյուսիսային» պատգամավորը գոռում էր․ «Բա որ դուք նախկինում․․․», ժամանակի անիվը պտտվում էր 5 տարի հետ։

Ի պատասխան՝ «հարավային» պատգամավորը պատասխանում էր․ «Իսկ դուք՝ ավելի նախկինում․․․», և երկիրը թռչում էր ևս 10 տարի դեպի անցյալ։

Թշնամիները, որոնք 100-ամյա դոկտրիններ էին գրել Հայաստանը քարտեզից հանելու համար, շվարած նայում էին արբանյակային նկարներին։ Հայաստանն ուղղակի անհետանում էր իրենց ժամանակակից ռադարներից՝ սլանալով դեպի դարերի խորքը։

Գլուխ 3. Աշխարհաքաղաքական պարադոքս

Անցնելով Միջնադարը՝ երկու ճամբարների ագենտները բախվեցին տեխնիկական լուրջ խնդրի:

Ռուսական ագենտները փորձեցին կապ հաստատել Մոսկվայի հետ, բայց պարզվեց, որ Մոսկվայի տեղում դեռ թանձր անտառ է, ու վայրի արջեր են ման գալիս։

Թուրքական ագենտները փորձեցին շտապ հեռագիր ուղարկել Անկարա կամ Իստամբուլ, բայց պարզվեց, որ Ալթայի լեռներից դեռ ոչ ոք այս կողմեր չի եկել։

Երկու կողմն էլ մնացել էին առանց կենտրոնից եկող հրահանգների, բայց դա նրանց չխանգարեց շարունակել նույն բանավեճը․ «Դո՛ւք եք մեղավոր»։

Գլուխ 4. Հանդիպում Արտաշատում (մ.թ.ա. 95 թ.)

Վայրը՝ Տիգրան Մեծի Արքունիք

Ժամանակի մեքենան վերջնականապես կանգ առավ մ․թ․ա․ 95 թվականին։

Տիգրան Բ-ն՝ թագը գլխին, զարմանքով նայում էր իր պալատ ներխուժած 150 հոգանոց կոստյումավոր բազմությանը, որոնք քաշքշում էին իրար ու բարձրախոսներով գոռում․

- Ա՛յ թագավոր, սրանք 2020 թվականին հողերը տվել են։

- Սու՛տ է, իրենք են 2008-ին մեր տնտեսությունը քանդել։

Տիգրան Մեծը լուռ նայեց նրանց, ապա շրջվեց դեպի իր զորավարները․

- Այս ովքե՞ր են։

- Ապագայից են, արքա՛, ասում են՝ պատգամավորներ են։

Տիգրանը խորը հառաչեց․

- Ես հենց նոր ծովից ծով կայսրություն եմ ստեղծել։ Սահմանները հասցրել եմ Միջերկրական, Կասպից ու Սև ծովեր։ Թշնամի չի մնացել, վեճի առարկա չկա։ Էլ ի՞նչ եք ուզում։

Պատգամավորներից մեկը առաջ թռավ․

- Արքա՛, կայսրությունը հասկացանք, բայց մի հատ ճշտենք․ Միջերկրական ծովը ռուսների՞ն ենք տալիս, թե՞ թուրքերին, ու ընդհանրապես՝ դու ինքդ ո՞ւմ ագենտն ես։

Վերջաբան

Վեճն այդպես էլ չդադարեց։

Տիգրան Մեծը թողեց իր թագավորությունը, գնաց հանգստանալու, իսկ պատգամավորները հիմնեցին «Անցյալի հավերժական խորհրդարան»։ Թշնամիներն այդպես էլ չկարողացան նվաճել Հայաստանը, որովհետև յուրաքանչյուր հարձակման ժամանակ հայկական խորհրդարանը հիշում էր ավելի հին պատմական մեղադրանք ու երկիրը տեղափոխում էր ավելի խորը անցյալ՝ հասնելով մինչև Վանասարի քարանձավներ։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ